Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հավատքը հրաշքներ է ծնում

Հավատքը հրաշքներ է ծնում
19.06.2018 | 02:03

Քրիստոնեական աշխարհի ամենից հիշարժան սրբերից է սբ Աբրահամը, որը ծառայել է ղպտի ուղղափառ եկեղեցում: Նրա կյանքում իրագործվել են բազմաթիվ հրաշքներ: Նա ծնվել է 1829-ին, նրա ծնողները բարեպաշտ քրիստոնյաներ են եղել: Սբ Աբրահամի կյանքը լեցուն է եղել հրաշքներով, մինչ իր երկրային կյանքի ավարտը` 1914-ը: Եղել է Ղպտի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսներից: Ներկայացնենք որոշ պատմություններ նրա կյանքից, թե Երկնային նախախնամությունն ինչպես է առաջնորդել նրան, և ինչպիսի հրաշքներ են տեղի ունեցել:
1896-ին Եգիպտոսում խոլերայի համաճարակ է բռնկում, և մեծ թվով մարդիկ մահանում են:

Մի երեկո քաղաքի բնակիչները գնում են սբ Աբրահամի մոտ և տեղեկացնում, որ բնակչությունը սարսափի մեջ է, բազմաթիվ մարդիկ ամեն օր մահանում են: Սբ Աբրահամը պատասխանում է` ինչու՞ եք մահից վախենում: Եթե այսօր չմահանանք, վաղը կմահանանք (այսինքն` վաղ, թե ուշ մահանալու ենք, որևէ մեկը չի կարող փախչել մահից): Նա խնդրում է, որ հայր Միքայելին բերեն: Երբ հայր Միքայելը ժամանում է, նա ասում է` 200 մաքուր թուղթ վերցրեք և ամեն մեկի վրա գրեք` մենք ծառաներն ենք Հիսուս Նազովրեցու, Ով խաչվել է: Եվ հետո վերցնում է այդ թղթերը, խաչակնքելով օրհնում և աղոթում: Այնուհետև փոխանցում է հայր Միքայելին, հանձնարարում այդ թղթերի կտորները տալ այն ընտանիքներին, որոնք կխնդրեն, և պատվիրում դրանք իրենց տների դռների վրա դրսի կողմից կախել (հետևելով Մովսեսի օրինակին), ինչպես նկարագրված է «Ելք» գրքում («Ելք» 12.7-13): Յուրաքանչյուր ընտանիք, որ իր տան դռնից կախել էր այդ թուղթը, փրկվում է խոլերայի համաճարակի արհավիրքից:


1906-ին սբ Աբրահամը աղոթք է անում, որ չար ոգին դուրս ելնի դիվահարված մի անձնավորության միջից: Չար ոգին լացուկոծ է անում (դիվահարված մարդու միջոցով) և, փորձելով խաբել սբ Աբրահամին, ասում` ինձ մենակ թող, ես քրիստոնյա եմ, և իմ անունը Գևորգ է, յոթ օր առաջ եմ մկրտվել: Երբ սբ Աբրահամը ուշադրություն չի դարձնում նրա խոսքերին և շարունակում է աղոթել, դևն ասում է` եթե Խաչը քո ձեռքում չլիներ, մենք քեզ արդեն ոչնչացրած կլինեինք, ինչպես դու ես մեզ ոչնչացնում: Հենց այդ պահին դիվահարված մարդը բարձրաձայն գոչում է և ազատվում չար ոգուց: Այս մասին պատմում է վանական Փիլիպոս արք. Էլ-Մակարին (վանական Փիլիպոսը Սբ Մակար վանքից է):
1910-ին մի դեպք է պատահում: Ականատեսը պատմում է, որ Աբրահամ սրբազանի մոտ Ֆայում էր այցելել: Պատմում է` տեսա, որ մի ծերունի շեյխ եկավ, ում անունը Մուրսի էր: Չորս ուժեղ տղամարդկանց կողմից այդտեղ էր բերվել, որոնք պայքարում էին նրան վերահսկելու համար, քանի որ չէր ուզում գալ: Աբրահամ սրբազանը, տեսնելով այդ պայքարը, ջուր է վերցնում, աղոթում, տալիս իր աշակերտին և կարգադրում, որ ցանի պայքարող ծերունու վրա: Դա հանգստացնում է այդ մարդուն, և նա հանդարտ առաջանում է: Աբրահամ սրբազանն աղոթում է, և դևն անմիջապես հեռանում է: Բժշկված մարդը մի քանի ամիս մնում է եպիսկոպոսական նստավայրում` իբրև երախտագիտություն այնտեղ ծառայելով և այդպես Աստծուն գոհություն հայտնելով:


Բենջամին արք. Ալ-Սիրիան պատմում է. «1912-ին իմ հորաքույրը տառապում էր ռևմատիկ արթրիտ հիվանդությունից ոտքերի հատվածում: Նա չէր կարողանում քայլել: Նա և իմ հայրը, որը տառապում էր ծանր գլխացավերից, գնացքով Ասյութից մինչև Ֆայում մեկնեցին: Նրանք գնացին տեսնելու Աբրահամ սրբազանին: Նա երկուսի համար էլ աղոթեց, և երկուսն էլ ակնթարթորեն բժշկվեցին: Իմ հորաքույրը քայլելով վերադարձավ տուն»:
Աբրահամ սրբազանը կահույք է ստանում եպիսկոպոսական կացարանի համար: Նա մերժում է այն օգտագործել և խնդրում է աշխատողներին այն պահեստում թողնել: Երբ մի կին գալիս է և գանգատվում, որ իր աղջկա նշանադրությունից հետո չեն կարողանում պսակի արարողությանը նախապատրաստվել, որովհետև գումար չունեն կահույք գնելու համար, Աբրահամ սրբազանը աշխատողին ասում է, որ այդ կնոջը ցույց տա նոր կահույքը և թույլ տա նրան այն տանել իրենց կարիքների համար: Այս առիթով որոշ մարդիկ դժգոհում եմ Կյուրեղ 5-րդ հայրապետին, որ կահույքը պարզապես նվիրել է: Դրանից հետո գումար է հավաքվում, որ նոր եպիսկոպոսարան կառուցեն: Աբրահամ սրբազանն այդ գումարը նույնպես տալիս է աղքատներին և կարիքավորներին: Դա նույնպես դժգոհության առիթ է դառնում համայնքում: Այդ դժգոհությունների պատճառով Կյուրեղ հայրապետը նրան հրավիրում է իր մոտ: Աբրահամ սրբազանն առանց հապաղելու մեկնում է: Նա ծեր էր և արդեն թույլ տեսողություն ուներ: Երբ ժամանում է և շտապում տեսնել հայրապետին, կեսօր էր, և արեգակի ճառագայթը պատուհանից ընկել էր ներս, և Աբրահամ սրբազանը պատուհանի ստվերը շփոթել էր հագուստի հետ՝ կարծելով այդտեղ կախիչներն են ու դրանցից կախված հագուստները: Նա հանում է իր փարաջան և կախում այդ ուղղությամբ՝ իրականում ճառագայթից: Կյուրեղ հայրապետը տեսնում է, թե Տերն ինչպես է հրաշք գործում, որ այդ սուրբ մարդը որևէ մեկից նեղություն չկրի: Կյուրեղ հայրապետը փոխում է իր հրավերի մտադրությունը, հետաքրքրվում նրա առողջությամբ և նրան տալիս 15000 եգիպտական փաունդ, որպեսզի նոր եպիսկոպոսարան կառուցի: Երբ դժգոհող մարդիկ գալիս են Կյուրեղ հայրապետի մոտ, նրանց ասում է. «Ինչպե՞ս կարող եմ վիճաբանել Աստծո մարդու հետ, ով կարողանում է իր հագուստը կախել արեգակի ճառագայթից»:


Աբրահամ սրբազանն այդպես էլ նոր եպիսկոպոսարան չի կառուցում, որովհետև այդ գումարը նույնպես օգտագործում է աղքատների համար:


Տպագրության պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 2838

Մեկնաբանություններ